…Առավոտ , երբ հանդիպեցի Սարոյանին, առանց նախաբանի սկսեց.
-Վահա՛գն, քիչ առաջ հեռախոս զնգաց: Հելլո՝ ըսի: Վովու՞ն հետ կխոսի՝, հարցուց կին մը: Ե՞ս վովուն հետ կխոսիմ՝ հարցուցի ես: Ինչպե՞ս թե վովուն հետ կխոսիմ... Այո, ըսի, վովու՞ն հետ կխոսիմ: Կին դարձյալ կհարցնե՝ իսկ ե՞ս վովուն հետ կխոսիմ: է՜, ի՞նչ գիտնամ՝ ըսի: Այդպես ոչ ան իմացավ «վովուն հետ կխոսի», ոչ ալ ես: Երկուքս ալ հայերեն խոսեցանք ու չհասկցանք իրար: Լավ չէ, երբ մարդիկ չեն հասկընար իրար...
- Լավ չէ, այո: Բայց ահա մի օր մի ֆրանսիացի, որ, բնական է, հայերեն չգիտեր, և ես, որ դժբախտաբար, ֆրանսերեն չգիտեմ, բավականին երկար խոսեցինք և, երևակայեք, հասկացանք իրար:
- Հետաքրքիր է, պատմե, Վահագն:
- 1973-ին Փարիզում էի: Ինձ ուղեկցող բարեկամս մտավ խանութ ինչ-որ գնումների, ու ես մայթին կանգնած ծխում էի:
Մոտեցավ մի ծերուկ ֆրանսիացի, գինով էր... Կանգնեց դեմս ու սկսեց խոսել:
Խոսեց, խոսեց, խոսեց ու երբ ընդհատեց, ես սկսեցի խոսել, ասացի՝ քեֆդ լավ է, շատ լավ, ինքդ էլ լավ մարդ ես երևում, հիանալի մարդ, ձեր Փարիզն էլ շատ գեղեցիկ է և նման բաներ... Ցույց տվեց, թե ուշադրությամբ լսում է ու նորից սկսեց խոսել: Գրպանիցս ծխախոտ հանեցի, խնդրեմ՝ ասացի, ծխեք, Հայաստանի ծխախոտ է, «Ախթամար»... Հետաքրքրությամբ նայեց տուփին, մի հատ վերցրեց. ասաց՝ մերսի, միակ բառը, որ հասկացա: Եթե նույնիսկ այդ մեկ բառն էլ չհասկանայի, մեկ է, հասկանում էի նրան, մարդը խմած էր, երևի ինչ-որ ցավ ուներ, ուզում էր մեկի հետ խոսել, ցավը պատմել: Ու՞մ հետ խոսեր, բոլորն իրենց գործին էին շտապում, միակ անգործը ես էի, որ մայթին կանգնած ծխում էի: Ինքն էլ երևի հասկացավ, որ ես չեմ հասկանում իրեն, բայց դա կարևոր չէր, իրեն լսող էր պետք ու գտել էր:
- Պարզ է , հասկըցած եք իրար,- ասաց Սարոյանը,- գեղեցիկ է, երբ մարդիկ տարբեր լեզվով կխոսին ու կհասկընան... Բայց ահա հոս, երբեմն կուգան, հետս անգլերեն կխոսին, ու չեմ հասկընար:
- Այդքան վա՞տ են խոսում:
- Ո՛չ , վատ չեն խոսիր, բայց կուզեն ցույց տալ, որ անգլերեն գիտեն, ու չեմ հասկընար այդ մարդոց: Ես եկած եմ, որ հայերեն լսեմ, հայերեն խոսիմ, իրենք անգլերեն կխոսին: Ինչու՞ս պետք...
Իսկապես, երբ հետը անգլերեն էին խոսում, շուռ էր գալիս իմ կողմը.
- Վահագն, ի՞նչ կըսեն, թարգմանե:
Ես ուսերս վեր էի քաշում:
Ծիծաղում էր
Զրուցակիցը ստիպված անցնում էր հայերենի:
- Շատ լավ,- ասացի,- երբ սրանից հետո Ձեզ հետ անգլերեն խոսեն, ու դուք ասեք՝ Վահագն, ի՞նչ կըսե, թարգմանե, պիտի թարգմանեմ, ասեմ՝ պարոն Սարոյան, այս մարդն ասում է՝ անգլերեն գիտեմ...
- Հո՜, հո՜, հո՜... Ատանկ ալ ըսե:
Զարմանալի ամբողջական, զարմանալի սևեռուն է Սարոյան մարդն ու գրողը: Նրա ոչ մի արարքը, ոչ մի խոսքն ու զրույցը դուրս չեն մեր պատկերացրած սարոյանական աշխարհից: Առավոտվա հեռախոսային այն պատահական զրույցն էլ, որ մեր հեռախոսային կապի մեղքն էր, ինչ-որ հետք էր թողել նրա մեջ. «Լավ չէ, երբ մարդիկ չեն հասկընար իրար»:
Վահագն Դավթյան. «Բարի հսկան» գրքից
Սիլվա Յուզբաշյանի (Silva Yuzbashyan) ֆեյսբուքյան էջից